Սիրիայում ճգնաժամի արագ լուծում չպետք է ակնկալել: Օգոստոսի 3-ի մամուլի ասուլիսում նման կարծիք  հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա` սիրիական իշխանություններն ուժեղ են ոչ միայն ընդդիմության դեմ պայքարում, այլեւ պետության կառավարման վերահսկողության պահպանման առումով:  Ընդդիմությանը հաջողվում է կառավարական ուժերի դեմ պայքարել միայն արտաքին ուժերի աջակցության դեպքում, սակայն նրանք էլ չունեն ծանր սպառազինում, միասնական կառավարում:

Ըստ Սաֆրաստյանի` ընդդիմադիր ուժերի եւ կառավարական զորքերի միջեւ որոշակի հավասարակշռություն կա: «Այդ հավասարակշռությունն ընդդիմադիր ուժերը փորձել են խախտել ահաբեկչական քայլ կատարելով, սակայն սիրիական իշխանություններն արագ վերակազմավորվեցին դրանից հետո:  Երկրորդ քայլն ընդդիմադիրների հարձակումն է Հալեպի վրա: Սակայն Հալեպի համար մարտերն ընթանում են արդեն մի քանի օր, եւ ընդդիմությանը չի հաջողվում հասնել քաղաքի կենտրոնական թաղամասերին», - կարծում է Սաֆրաստյանը:

Սիրիայում ուժերի հավասարակշռությունը կարող է խախտել կամ արտաքին ներխուժումը, կամ էլ դրսից ընդդիմության աջակցության դադարեցումը: Երկրորդ տարբերակի դեպքում կառավարական ուժերին կհաջողվի ճնշել ընդդիմության դիմադրությունը մեկ տարվա ընթացքում:

Սաֆրաստյանը նաեւ կարծում է, որ եթե նախագահ Բաշար Ասադը պահպանի իշխանությունը, Սիրիան ուժեղ երկիր կմնա: Միեւնույն ժամանակ, ընդդիմության իշխանության գալը երկրում կայունություն չի հաստատի: Դա կհանգեցնի քաղաքացիական պատերազմի:

Խոսելով հայ համայնքի մասին` Սաֆրաստյանը նշել է, որ նրա համար վտանգ է ներկայացնում հենց անկայունությունը` Ասադի վարչակարգի անկման դեպքում: Ասադի կառավարման տարիներն արդյունավետ էին հայկական համայնքի համար, եւ ընդդիմության իշխանության գալու դեպքում հայ համայնքը դժվար կկարողանա վերականգնել նախկին բարեկեցիկ պայմանները: