Ավստրալական գործարար Էնդրյու Կանն էլ երբեք չի թռչի Qantas Airways ավիաընկերության ինքնաթիռներով: Պատճառն այն է, որ ավիաընկերությունում գործարարին հեռախոսով սպասեցրել են 15 ժամ:
Էնդրյու Կանը պատմել է, որ զանգել է Qantas Airways օգոստոսի 2-ին երեկոյան 7-ին, որպեսզի հաստատի Նյու Յորքի իր թռիչքը: Լսելով պատասխանիչի ձայնը` Կանը որոշել է սպասել օպերատորի պատասխանին: Նա միացրել է հեռախոսի բարձրախոսը եւ զբաղվել է իր գործերով: Պատասխանի սպասելով` գործարարը հասցրել է աշխատել եւ կարդալ 200 էջանոց գիրք: Առավոտյան ժամը 11-ին այդպես էլ պատասխան չստանալով` Կանն անջատել է հեռախոսը, հայտնում է The Sydney Morning Herald-ը:
Ավիաընկերության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը, սակայն նշել են, որ օգոստոսի 2-ի հեռախոսային գրառումներում ոչ մի տվյալ չկա, որ ինչ-որ մեկը պատասխանի է սպասել 15 ժամ:




























