Եգիպտոսի ԱԳՆ-ի աղբյուրը մանրամասնել է, թե որտեղից է Իսրայելի նախագահին ուղղված Մուրսիի նամակը: Այն կազմվել էր ԱԳՆ-ի սովորական արարողակարգային միջոցառումների շրջանակում: ԱԳՆ-ն շատ պետությունների Մուրսիին հղած շնորհավորանքներին պատասխան նամակներ է ուղարկել, հայտնել է աղբյուրը եգիպտական «Աշ Շուրուք» թերթին:
Ըստ նրա` «եգիպտական նախագահի պատասխանը բացառապես արարողակարգային է եւ չի կարող դիտվել որպես Մուրսիի անձնական դիմում օտարերկրյա որեւէ ղեկավարի», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 31-ին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մուհամեդ Մուրսին նամակ էր գրել իր իսրայելցի գործընկեր Շիմոն Պերեսին, որում առաջարկել էր բոլոր ջանքերը գործադրել մերձարեւելյան խաղաղ գործընթացի վերականգնման համար:
Եգիպտոսի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին օգոստոսի 1-ին հերքել էր այն հաղորդագրությունը, ըստ որի եգիպտական կառավարության ղեկավարը նամակ էր ուղարկել Իսրայելի նախագահին` այդ տեղեկությունն անվանելով «իրականությանն անհամապատասխան»:



























