Հայաստանը պետք է զերծ մնա Սիրիայի վերաբերյալ կտրուկ հայտարարություններից` հայ համայնքի շահերից ելնելով:

Լրագրողներին օգոստոսի 3-ի մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԳԱԱ-ի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Հալեպի բախումները, որտեղ  ապրում է սիրիահայերի մեծ մասը, դեռեւս չեն սպառնում հայկական թաղամասերին: Այդ պատճառով էլ Հալեպի հայերը չեն ուզում ավելորդ ուշադրություն գրավել իրենց վրա:  «Սիրիական հարցի վերաբերյալ ցանկացած կտրուկ արտահայտություն մեզ կարող է վնասել», – ավելացրել է Ռ. Սաֆրաստյանը:

Ըստ նրա` Հայաստանը պետք է արտահայտվի Սիրիայում խաղաղության հաստատման օգտին, հասկացնելով սիրիահայերին, որ փոքր երկիր լինելով, այնուամենայնիվ, հնարավորության դեպքում կարող է օգնության հասնել հայրենակիցներին: