Օգոստոսի 3-ին Կազանից Մոսկվա չվերթ իրականացնող Sukhoi Superjet-100 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մոսկովյան «Շերեմետեւո-1» օդանավակայանում` ինքնաթիռի սրահի մասնակի ապահերմետիկացման հետեւանքով:

Ժամը 14:10-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կազան-Մոսկվա» 1191 չվերթի ժամանակ տեղի է ունեցել ինքնաթիռի սրահի մասնակի ապահերմետիկացում,  եւ անձնակազմը որոշում է կայացրել ինքնաթիռն իջացնել  մինչև 3000 մետր: Ժամը 14:14-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետեւո-1» օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 64 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Ուժային կառույցների աղբյուրի փոխանցմամբ,  տուժածներ չկան:

Միեւնույն ժամանակ, «Ինտերֆաքսի» տվյալներով, չնայած օդաչուների խցիկի ապահերմետիկացմանը` SSJ-100-ը  վայրէջք է կատարել  «Շերեմետեւոյում» ըստ չվացուցակի: Այս մասին հայտնել է դիսպետչերական ծառայության աղբյուրը, ըստ որի Կազան-Մոսկվա չվերթի ժամանակ ինքնաթիռում օդաչուների խցիկում մասնակի ապահերմետիկացում նկատելու հետեւանքով որոշում է կայացվել ինքնաթիռն իջացնել մինչև 3000 մետր ու շարունակել թռիչքն ըստ չվացուցակի, հայտնում է «Վզգլյադը»:

14:15-ի սահմաններում ինքնաթիռն, առանց վթարային վայրէջքի, նստել է «Շերեմետեւո-1» օդանավակայանում: