Իրանի առողջապահության նախարարությունը հրաժարվում է երկրում ծնելիության քսանամյա վերահսկողությունից: Նման որոշում էր ընդունվել այաթոլլահ Ալի Խամենեիի ելույթից հետո, որը հայտարարել էր, որ երկրի բնակչությունը պետք է կազմի 150-200 միլիոն մարդ: Այժմ Իրանում ապրում է 80 միլիոն մարդ:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», ավելի վաղ իրանական իշխանությունները բոլոր միջոցներով սահմանափակում էին բնակչության աճը` վախենալով պաշարների անբավարարությունից: Պաշտպանական միջոցների արտադրության համար հատկացվել էին բավականին մեծ գումարներ: Գերագույն առաջնորդի ելույթից հետո այդ նախագծերի ֆինանսավորումը կասեցվել է: Պետությունը նույնիսկ 10 միլիարդ դոլար է հատկացրել բազմանդամ ընտանիքների եւ ծնելիության քաջալերման աջակցության համար:
Ըստ ՄԱԿ-ի` Իրանում նկատվել է ծնելիության ռեկորդային անկում: Այնտեղ բնակչության աճը կազմում է տարեկան 1,2%: Ներկայումս տարածաշրջանի 26 երկրների շարքում Իրանն զբաղեցնում է 25-րդ տեղը ծնելիության առումով:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նույնպես հայտարարել էր, որ բարձր ծնելիությունը երկրին անհրաժեշտ է նրա թշնամիների դեմ հաղթելու համար:
Իրանցի փորձագետներն ընդգծել են, որ պետական ծրագրերը ծնելիության վրա ոչ մի էական ազդեցություն չունեն, քանի որ բնակիչներն աշխատում են երեխաներ չունենալ աղքատության եւ աշխատանքի բացակայության պատճառով:




























