Դեկտեմբերի 29-ին Իրանում ձերբակալվել են 10 ընդդիմադիրներ։ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի օգնական, այաթոլա Աբաս Վայեզ Թաբասին հայտարարել է, թե իրանական ընդդիմության առաջնորդներն Աստծո թշնամիներն են, ովքեր, ըստ Շարիաթի օրենքների, ենթակա են մահապատժի։

Իր հերթին` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել է, թե վերջին մի քանի օրերին Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաները «զզվանք առաջացնող խաղ են, որը ձեռնարկվել է օտար ուժերի կողմից»:

Նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմության հակակառավարական բողոքի ակցիաները նախաձեռնել են ԱՄՆ-ը եւ Իսրայելը: «Մենք առաջին անգամ չէ, որ տեսել ենք այդ սադրանքները: Սիոնիստներն ու ամերիկացիներն են կանգնած այդ բախումների հետեւում»,- հայտարարել է Ահմադինեջադը՝ չմոռանալով այդ բախումների համար քննադատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Միլիբենդին: