Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը եւ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Եվրոպական ներդրումային բանկի կողմից 5 մլն եվրո եւ նույն չափ գումարով Եվրոպական միության կողմից ներդրումային դրամաշնորհով:
Պայմանագրի ստորագրումը նախատեսում է մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի առաջին փուլը եվս ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի եւ ԵՄ-ի կողմից ընդհանուր 15 մլն եվրոյի չափով 2010 թ-ին` մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը եւ անվտանգությունը բարելավելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է , որ ՎԶԵԲ-ը վստահելի եւ լուրջ գործընկեր է Երեւանի քաղաքապետարանի համար եւ համոզմունք է հայտնել, որ երկուստեք ծրագրերը կշարունակվեն առաջիկայում եւս ու կընդգրկեն քաղաքային տնտեսության այլ ոլորտներ: Անդրադառնալով մետրոյի վերականգնման ծրագրին քաղաքապետը նշել է. “Մետրոն մայրաքաղաքի կարեւոր տրանսպորտային միջոցներից մեկն է եւ Երեւանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շատ ենք կարեւորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում”:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ իր հերթին նշել է, որ այս փուլի ստորագրմամբ ըստ էության կամբողջանա Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը. “ՀՀ կառավարությունն իր հերթին մշտապես ուշադրության կենտրոնում պահելով Երեւանի ենթակառուցվածքների զարգացումը, փորձում է վարկային միջոցներ ներգրավել այդ ուղղությամբ”,նշել է ՀՀ ֆինանսների նախարարը:
Ծրագրի երկրորդ փուլի հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա, միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի կարեւոր բաղադրիչ է նաեւ շարժակազմերի արդիականացումը:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը կարեւորելով Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար պատրաստակամություն եւ ցանկություն է հայտնել շարունակելու Երեւանի քաղաքապետարանի եւ բանկի միջեւ իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:



























