Բելառուսի իշխանությունները Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիկսոնին արտաքսել են երկրից Բելառուսում ժողովրդավարական հասարակությանն աջակցելու համար։ Ինչպես հայտնում է «Իզվեստիան», այս մասին օգոստոսի 3-ին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը։ «Լուկաշենկոյի ռեժիմը դեսպանին արտաքսել է երկրից մարդու իրավունքներին չափազանց մեծ աջակցության համար։ Վրդովեցուցիչ է։ Դա ցույց է տալիս ռեժիմի բնավորությունը»,- Twitter-ում նշել է պաշտոնյան։
«Մենք հայտարարել ենք այն մասին, որ Շվեդիայում Բելառուսի դեսպանի ներկայությունը անցանկալի է, եւ խնդրել ենք մյուս երկու դիվանագետներին լքել երկիրը»,- նշել է Բիլդտը։
Արտգործնախարարը Ստոկհոլմում կայացած ասուլիսում նաեւ հայտնել է, որ Բելառուսի իշխանության պահվածքը ցույց է տալիս, որ նրանք վախենում են իրենց ապագայի համար։
Բելառուսի ԱԳՆ-ում բացատրել են, որ դեսպանին ոչ թե արտաքսել են, այլ «որոշում են ընդունել հավատարմագրումը չերկարաձգելու մասին»։
Նշենք, որ հուլիսի 4-ին Շվեդիայի քաղաքացիներով ղեկավարվող թեթեւ մարդատար ինքնաթիռից Մինսկի վրա էին բաց թողնվել մի քանի հարյուր փափուկ խաղալիք արջուկներ, որոնց վրա գրված էր «Լուկաշենկո՜, ազատություն տուր» կոչը։
Հիշեցենք, որ մեկ շաբաթ առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս դեպքի կապակցությամբ պաշտոնանկ է արել սահմանապահ եւ հակաօդային պաշտպանության ուժերի ղեկավարներին։




























