Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը օգոստոսի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան պետությունների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության խորհրդական Յուրի Մուրադովին:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր հստակեցնել Երեւանում անցկացվելիք Միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական երկրորդ ֆորումի նախապատրաստմանն առնչվող կազմակերպչական որոշ հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկրորդ ֆորումի ժամկետերին եւ ձեւաչափին, միջտարածաշրջանային երկրորդ ցուցահանդեսի կազմակերպմանը, երկու երկրների կողմից համաժողովի համակարգողների միջեւ ակտիվ համագործակցության ապահովմանը վերաբերող հարցերի:

Երկրորդ համաժողովում շեշտն ավելի շատ կդրվի ՀՀ մարզերի եւ ՌԴ նահանգների միջեւ գործնական կապերի հաստատմանը: Այս առումով նաեւ կարեւորվել է համագործակցության համաձայնագրերից բխող միջոցառումների ծրագրերի մշակման անհրաժեշտությունը: ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից ՀՀ մարզպետերին արդեն հանձնարարականներ են  ուղարկվել` ՀՀ մարզերի եւ ՌԴ համապատասխան շրջանների միջեւ համագործակցության ուղղությունների մասին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս համաժողովը եւս գործնական բնույթ կկրի եւ կնպաստի երկու երկրների շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների միջեւ փոխշահավետ կապերի հաստատմանը: