Իրաքի ԱԳՆ է կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը եւ հանձնվել է բողոքի նոտա՝ առանց Իրաքի ԱԳն-ին զգուշացնելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Քերքուկ այցի համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իրենց հերթին Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները ԱԳՆ են հրավիրել Անկարայում Իրաքի դեսպան Աբդուլ Ամիր Քաբիլ Թաբիխին եւ զգուշացրել, որ Բաղդադի հայտարարություններն անընդունելի են։
Նշենք, որ Իրաքի ԱԳՆ կայքում հայտարարություն էր տարածվել, որտեղ նշվել է, որ Դավութօղլուի այցը Քերքուկ եւ այնտեղ հանդիպումներն իրականացվել են առանց Իրաքի ԱԳՆ-ին տեղյակ պահելու եւ հավանություն ստանալու։
Հայտարարության մեջ նշվել է, որ նմանատիպ այցը արհամարհանք է պետության ինքնիշխանությանը, խախտում է միջազգային հարաբերությունների օրենքները եւ չի համապատասխանում պետությունների միջեւ պաշտոնական շփումների կանոններին։
Իրաքի վարչապետ Նուրի էլ-Մալիքի կուսակիցներից էլ-Հասանը հայտարարել է, թե անընդունելի է Դավութօղլուի պահվածքը եւ նման պարագայում իրենք իրավունք ունեն ձերբակալելու նրան։


























