«Վկոնտակտե» սոցկայքը բավարարել է ԼԳՊՏ իրավապաշտպանական կազմակերպության պահանջը եւ օգտվողներին հնարավորություն է ընձեռել իրենց էջերում նշել նույնասեռական հարաբերությունները: Այդ մասին հայտնում է կայքի ոչ պաշտոնական բլոգը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հանրահայտ «Վկոնտակտե» սոցկայքը կարող էր բոյկոտի ենթարկվել երկնագույնների եւ լեսբուհիների կողմից, որոնք կազմում են օգտվողների  4-5% -ը: Նրանց վրդովեցրել էր, որ սոցկայքի ղեկավարությունը հրաժարվել էր հատուկ նշաններ ներմուծել միասեռական զույգերի համար, ընդ որում դա վիրավորական ձեւով էր արել:

Ինչպես հայտնում է rbc-ն, աղմուկին արձագանքել է «Վկոնտակտեի» հիմնադիր եւ ղեկավար Պավել Դուրովը:  «Մի խառնվեք իրար: Ամեն ինչ կլինի», - գրել է նա Twitter-ի իր բլոգում: Եւ մեկ օրվա ընթացքում կայքում արդեն արվել են փոփոխություններ: 

Ընդ որում, նույնասեռ ամուսնությունները նախկինի պես կայքում չի կարելի նշել: «Վկոնտակտեի» ներկայացուցիչները դա բացատրել են նրանով, որ հասցեների տեղեկությունը չպետք է հակասի ռուսական օրենսդրությանը, իսկ ըստ Ռուսաստանի Ընտանեկան օրենսգրքի` ամուսնություններ են թույլատրվում միայն տղամարդու եւ կնոջ միջեւ: