Բրիտանական դատարանը օգոստոսի 3-ին 17-ամյա Շաֆիլիա Ահմեդի ծնողներին մեղավոր է ճանաչել սեփական դստեր սպանության գործում, որը կատարվել է 2003թ.` «ընտանիքի պատիվը պաշտպանելու» դրդապատճառով:
Պակիստանցի ամուսինները ցմահ բանտարկության են դատապարտվել`25 տարուց ոչ շուտ ազատվելու իրավունքով:
Ամուսինները դստերը խեղդել են պոլիէթիլենային տոպրակով` մնացած երեխաների աչքի առաջ, Չեշիր կոմսությունում գտնվող իրենց տանը: Շաֆիլիայի դիակը գտնվել էր միայն 2004թ., նրան ճանաչել էին զարդերի եւ ատամներին տեղադրված երկաթյա ուղղման սարքի շնորհիվ: Ծնողները հենց սկզբից կասկածի տակ էին, սակայն քննությունը չէր կարողանում ապացուցել մեղքը, գրում է gazeta.ru-ն:
Աղջկա կենսակերպը համապատասխան չէր այդ համայնքի ավանդական կանոններին, մասնավորապես, Շաֆիլիան հրաժարվել էր պայմանավորվածությամբ ամուսնությունից, որը պնդում էին ծնողները: Դրանից հետո նրանք հայտարարել էին, որ աղջիկը խայտառակում է ընտանիքը:
Գործի քննությունը վերսկսել են 2010 թվականին, երբ զինված կողոպուտի համար ոստիկանությունը ձերբակալել էր Ահմեդների կրտսեր աղջկան: Հարցաքննության ընթացքում աղջիկն անսպասելի խոստովանել է, որ 7 տարի առաջ ինքը վկա է եղել ավագ քրոջ սպանությանը: Նույնը հաստատել էին նաեւ մյուս երեխաները` հայտարարելով, որ նախկինում լռել էին «Շաֆիլիայի ճակատագրին չարժանանալու» վախից:


























