Սիրիայում մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Յարմուզում օգոստոսի 4-ի հրաձգության ընթացքում հայեր չեն տուժել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը: Նրա խոսքով` այդ տեղանքում հայեր ընդհանրապես չեն ապրում:

 «Այդ կրակոցների ընթացքում ոչ մի հայ չի սպանվել կամ վիրավորվել», - ասաց Էլմաջյանը:

Զրուցակիցը դժվարացավ պատմել հրաձգության մանրամասները, նշելով, որ այն չի եղել հրթիռային, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները: Հարձակվել են օդից ռազմական ուղղաթիռներով: «Դրանք հրթիռներ չէին: Ինչ-որ փոքր պայթուցիկներ, որոնք կիրառվում են խտաբնակ վայրերում», - ասաց նա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել Դամասկոսի Յարմուզ բնակավայրի հրթիռային ռմբակոծման մասին: Reuters-ը հայտնում է 20 զոհերի եւ մեծ քանակությամբ վիրավորների մասին: Քաղաքում գտնվող ՄԱԿ-ի դիտորդները հաստատել են տվյալ տեղեկատվությունը:  

Հաղորդվում է, որ ռմբակոծումն սկսվել է մայրամուտից հետո, երբ փողոցներում շատ մարդիկ կային, հաղորդում է rbc-ն:

Յարմուզում ապրում է 50 հազար մարդ, այդ թվում` մեծ քանակությամբ փախստականներ Պաղեստինից: