ԱՄՆ-ն կանի ամեն հնարավորը, որպեսզի Եգիպտոսը պահպանի Իսրայելի հետ 1979թ. խաղաղ համաձայնագրերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով` Կահիրեի եւ Թել Ավիվի հարաբերությունների վերջերս տեղի ունեցած պոռթկումը դուրս չեկավ հռետորաբանության սահմաններից բացառապես երկու պետությունների նկատմամբ ԱՄՆ-ի ազդեցության շնորհիվ, եւ այսօր այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
«Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի համար ծայրահեղ կարեւոր է եգիպտա-իսրայելական 1979թ. խաղաղ համաձայնագրերի պահպանումը, եւ Վաշինգթոնը դրան հասնելու համար կշարունակի Եգիպտոսի վրա ճնշում գործադրել»,- նշեց արաբագետը:
Ինչպես նշեց փորձագետը, այսօր Եգիպտոսի առաջ բավականին բարդ խնդիրներ կան, եւ այդ պարագայում արաբական պետությունն ամերիկյան օգնությունից բացի այլընտրանք չունի: «Հայտնի է, որ Եգիպտոսը եւ Իսրայելը ԱՄՆ-ից ամենաշատ աջակցություն ստացող երկրներն են: Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսին պետք է կարողանա պահպանել հավասարակշռությունը ներքին իսլամական շերտերի եւ ջերմ հարաբերություններն Արեւմուտքի հետ», - ընդգծեց Արմեն Պետրոսյանը:
«Կահիրեում իրադրությունը սթափ են գնահատում: Չնայած որ այսօր Եգիպտոսում ուժեղ են իսլամականները, իսկ Մուրսին էլ «Մահմեդական եղբայրներից» է, Եգիպտոսը պետք է իր հասարակությանը համոզի, որ պարզապես անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Արեւմուտքի հետ», - նշեց պատմական գիտությունների թեկնածուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոս կատարած իր այցի շրջանակներոմ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բանակցություններ է վարել նոր նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ` նրանից վստահեցումներ ստանալու նպատակով, որ նրա կառավարման օրոք Եգիպտոսը հավատարիմ կմնա 1979 թվականին Իսրայելի հետ ստորագրած խաղաղության համաձայնագրերին:
Մուրսիի հետ հանդիպման արդյունքերից ելնելով`Քլինթոնը հանդես է եկել Եգիպտոսի նախագահին աջակցող հայտարարությամբ եւ ասել, որ «եգիպտացիները պետք է ստանան այն կառավարությոնը, որի համար քվեարկել են»:




























