Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Մաթեւոսյանի դեմ գործով մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ մեղադրանքի, Արմեն Մաթեւոսյանն ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2012թ. ապրիլի վերջերին եւ մայիսի 5-ին անձամբ կաշառք է տվել Երեւանի չորս բնակիչների ու հարկադրել, որպեսզի վերջիններս եւ նրանց ընտանիքի անդամները 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։
Նկարագրված արարքի համար Արմեն Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ պրիմ 2 հոդվածի՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, 2-րդ մասով։ Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով:




























