Իր տեսակի մեջ բացառիկ կատվին հնարավեր է եղել գտնել նրա վրա տեղադրված  միկրոչիպի օգնությամբ:

Հայվի մականվամբ կատուն պատկանում է Չիկագոյում բնակվող Ֆոսկո ընտանիքին: Հուլիսին ընտանիքն այցելել էր Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաք, որտեղ էլ կորել էր Հայվին: Կատվին գտնելու համար Ֆոսկոները ոչ միայն խոշոր` 5 հազար դոլարի չափով պարգեւավճար էին խոստացել գտնողին, այլ նաեւ հետախույզներ էին  վարձել, ովքեր էլ ի վերջո գտել են կենդանուն: Հայվին մոլորվել էր իր տերերին կորցնելու վայրից  3 մղոն հեռավորության վրա:

Այն որ կենդանին իսկապես Հայվին է, տերերը համոզվել են միկրոչիպի օգնությամբ: Թեեւ անգամ վերջինիս բացակայության դեպքում էլ հետախույզները չէին կարող խաբել տերերին, քանի որ Հայվին պատկանում է շատ հազվադեպ հանդիպող` սավաննա կատուների  ցեղատեսակին:  Սելեկցիոներները այս ցեղատեսակը ստացել են 1986 թ.-ին` իրար խաչասերելով սովորական տնային կատվին ու աֆրիկյան վայրի սերվալին: Այս կատուները շատ թանկ արժեն: