Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը  կարծում է, որ Ինգուշեթիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովն անհրաժեշտ  ջանքեր չի գործադրում վտանգավոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար:  Այս մասին ասվում է Քադիրովի հայտարարության մեջ:

Քադիրովի հայտարարությունը պատասխանն է Եվկուրովի արձագանքին` Չեչնիայի առաջնորդի` ինգուշական Գալաշկի գյուղում հանցավոր խմբավորումների երեք մասնակիցների մահվան վերաբերյալ:

Վերջիններս մասնակցել էին Քադիրովների հայրենի գյուղի վրա հարձակմանը: Գրոհայինների ոչնչացման վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել անձամբ Ռամզան Քադիրովը` նշելով, որ հատուկ օպերացիան իրականացրել են Չեչնիայի ոստիկաները եւ ԴԱԾ Չեչնիայի վարչության աշխատակիցները:

Եվկուրովը հայտարարել էր, որ հատուկ օպերացիայհի մասին Քադիրովի խոսքերն  արժանահավատ չեն: Նրա խոսքով` Գալաշկի գյուղում  հուլիսի 29-ին ինքնաշեն ռումբի պայթյուն է տեղի ունեցել, իսկ զոհված գրոհայինների մարմինները հետո հանձնվել են Չեչնիայի ներկայացուցիչներին: Ի պատասխան Քադիրովը հայտարարել է, որ Եվկուրովին, որպես սպայի, պետք է հայտնի լինի, թե ինչ է նշանակում ահաբեկիչների ոչնչացման օպերացիայի անցկացում:

Նա ընդգծել է, որ «թույլ չի տա բանդիտներին հանգստանալ սահմանամերձ տարածքներում, որի արդյունքում մարդիկ են զոհվում: Եթե Եվկուրովն այնտեղ կարգուկանոն չի հաստատում, մենք կհաստատենք...Այլապես ինչպես բացատրել, որ Եվկուրովն ահաբեկիչներին բանդիտներ չի համարում: Իբր թե դրանք մոլորված երիտասարդներ են: Մեզ համար նրանք բանդիտներ, ահաբեկիչներ, շեյթաններ են, չեչեն եւ ինգուշ ժողովուրդների, Ռուսաստանի թշնամիներ»: