Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված իր եւ ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ թվացյալ մրցակցությանը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե մինչ նախագահական ընտրություններ դեռեւս 2 տարի կա եւ պետք չէ այսքան վաղ քննարկել դրանք։ «Այս ընթացքում մենք պետք է մեր պարտականություններն ամենալավ մակարդակով իրականացնենք։ Երբ օրը կգա, մենք կնստենք, կխոսենք, եւ ինչը որ ճիշտն է, միասին կանենք»,-նշել է Աբդուլլահ Գյուլը՝ լրագրողներին հիշեցնելով, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր համար ավելին է, քան եղբայր։

Նշենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներքին կանոնակարգի համաձայն կուսակցականներն իրավունք չունեն 3 անգամից ավել առաջադրվել պատգամավորության։ Էրդողանը եւ կուսակցության ղեկավար կազմն արդեն 3 անգամ են պատգամավոր դարձել։

Էրդողանը ցանկանում է նոր Սահմանադրությամբ Թուրքիան դարձնել նախագահական երկիր եւ ընտրվել նախագահ ժողովրդի կողմից։ Մինչ այժմ Թուրքիայի նախագահը ընտրվել է խորհրդարանի կողմից։