Սիրիայում առեւանգել են իրանցի 48 շիա ուխտավորների: Առեւանգումը տեղի է ունեցել Դամասկոսի օդանավակայան տանող մայրուղու վրա: Այս մասին հայտնել է լիբանանյան LBC հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով, իրանցիները մեկնել էին շիական սրբավայր` Սիթ-Զեյնաբ տաճար, որը գտնվում է սիրիական մայրաքաղաքի տարածքում, հայտնում է «Վեստի.ru»-ն:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», սիրիական հատուկ ջոկատայինները փորձում են գտնել առեւանգողների հետքերը:

Դամասկոսում Իրանական դեսպանությունը  հաստատել է առեւանգման փաստը: Նախնական տվյալներով, առեւանգվածների մեջ կանայք եւ երեխաներ չկան: Տեղեկացվում  է, որ առեւանգողները Սիրիական Ազատ բանակի գրոհայիններ են:

2011 թ-ի մարտից` զինված ապստամբների կողմից  օտարերկրյա քաղաքացիների առեւանգման դեպքը առաջինը չէ: Սիրիայում առեւանգվել են 11 շիա լիբանանցիներ, որոնք Թուրքիայի տարածքով վերադառնում էին Իրան կատարած ուխտագնացությունից հետո: