Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում` Այգուտում, Ծովագյուղում եւ Սեմյոնովկայում, բնակչության շրջանում իրականացնում են կանխարգելիչ պատվաստումներ տուլարեմիա կոչվող հիվանդության հնարավոր բռնկումների դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Նշենք, որ տուլարեմիան սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է դաշտամկների եւ տզերի միջոցով: Այս տարվա առաջին դեպքը գրանցվել է Այգուտ գյուղում, երբ 51-ամյա անասնապահին դաշտում տիզը կծել է, նա դիմել է բժշկի եւ ախտորոշվել է տուլարեմիա:
Լիանա Թորոսյանի խոսքով` կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, գյուղապետարանների եւ տեղի բուժամբուլատորաների հետ համագործակցությամբ: Նրա վստահեցմամբ` իրավիճակը վերահսկվում է, կատարվում են կրծողազերծման աշխատանքներ: Այդ առթիվ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել, որին անդրադարձ է կատարվել տուլարեմիայի դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումներին:
«Բնակիչների համար պատրաստվել են հատուկ տեղեկատվական թերթիկներ, ուր նշված են տուլարեմիայի առաջացման նախանշանները եւ կանխարգելման միջոցները: Պատվաստումների ավարտը նախատեսված է մինչեւ եկող երեքշաբթի օրը»,- նշեց Լիանա Թորոսյանը:




























