Ուգանդայում Էբոլի տենդով վարակված բոլոր հիվանդներին ձեռնաշղթաներով գամել են մահճակալներին: Նման արմատական քայլեր են ձեռնարկվել այն բանից հետո, երբ հիվանդներից մեկը փախչել է հիվանդանոցից:
Նրա անալիզի պատասխանները դեռեւս չեն ստացվել, սակայն բժիշկներն արդեն անհանգստացած են: «Եթե պատասխանները դրական լինեն, մենք լուրջ խնդիրներ կունենանք: Այդ իսկ պատճառով բոլորին ձեռնաշղթաներով ամրացրել ենք մահճակալներին»,- CNN –ին ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Հիվանդանոցում գտնվում է մոտ 30 հիվանդ, որոնց կասկածում են վարակված լինելու մեջ:
Տենդի բռնկման պատճառները ներկայումս ուսումնասիրվում են: Բռնկումից ի վեր մահացել է 16 մարդ: Վիրուսի նկատմամբ պատվաստանյութ առայժմ չկա: 12 տարի առաջ Էբոլի տենդից մահացել է ավելի քան 200 մարդ: Այն շատ վտանգավոր է համարվում, եւ վարակվածների մինչեւ 90%-ը կարող են մահանալ:




























