ԱՄՆ-ի սիկհական տաճարում 7 մարդ դարձել են անհայտ անձի հրաձգության զոհը, եւս 3-ը վիրավորվել են:

Ինչպես տեղական ոստիկանությանը վկայակոչելով հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` այն ժամանակ, երբ պետք է  սկսվեր ժամերգությունը: Հանցագործը հրաձգություն է կազմակերպել սիկհական տաճարում, որը գտնվում է Միլոուկի քաղաքի շրջակայքում (Վիսկոնսին նահանգ): Զոհվածների շարքում է տաճարի տեսուչը: 

Տեղական ոստիկանության ղեկավար Բրեդլի Ուենթլադը հայտնել է, որ հրաձգության ընթացքում մահացել է հարձակվողը: Նրան կրակած ոստիկանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

ԱՄՆ-ի ոստիկանությունում հայտարարել են, որ այդ սպանությունը քննում են որպես «ներքին ահաբեկչության» դեպք: Օեք Քրիք բնակավայրի ոստիկանապետը չի բացառել, որ ահաբեկիչները դա արել են կրոնական դրդապատճառներով, հայտնում է rbc-ն: 

ՀԴԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլերն ԱՄՆ-ի նախագահին զեկուցել է քննության ընթացքի մասին:

Սիկհերի հոգեւոր համայնքը ձեւավորվել է միջնադարում` Գուրո Նանակի ուսմունքի հիման վրա: Սիկհերի մեծամասնությունն ազգությամբ փենջաբներ են, ապրում են Հնդկաստանում: Սիկհական խոշոր սփյուռքներ կան ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Հարավարեւմտյան Ասիայի եկրներում, Աֆրիկայում, Ֆիջիում: ԱՄՆ-ի տարածքում ապրում են 500 հազար սիկհեր: