Իշխող չինական կոմունիստական կուսակցության «Ժենմին ժիբաո» թերթը Վաշինգթոնին կոչ է արել «փակել բերանը» Հարավչինական ծովում վիճահարույց տարածքների հարցում:
«Ամերիկյան կողմի հայտարարության մեջ ճիշտը խառնված է սխալին, հասարակությանը մոլորեցնում է: Մենք կարող ենք միայն զգուշացնել ԱՄՆ-ին` «փակիր բերանդ», - մեջբերում է AFP-ն:
Օգոստոսի 6-ին ԱՄՆ-ի սուր քննադատությամբ է հանդես եկել նաեւ այլ չինական թերթ` «Չժունգո ժիբաո»-ն: Սպիտակ տունը չի դադարում «սառը պատերազմի մասին մտածելուց»: «Հարավչինական ծովում խնդիրներ ստեղծող երկրներին քննադատելու փոխարեն, ԱՄՆ-ն Չինաստանի վրա է կեղտ շպրտում, որն իրականում զոհ է», - ասվում է թերթում, գրում է «lenta.ru»-ն:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Չինաստանը հայտարարել էր վիճահարույց Վուդի տարածքում Սանշա քաղաքի ստեղծման մասին, որին հավակնում են նաեւ Ֆիլիպինները եւ Վիետնամը: Օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի պետդեպը հայտարարել էր, որ Չինաստանը սրացնում է լարվածությունն այդ տարածաշրջանում:
Ի պատասխան ՉԺՀ-ի ԱԳՆ-ն օգոստոսի 4-ին խնդրել էր ԱՄՆ-ին հարգել երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:




























