Եգիպտոսի իշխանությունները զբոսաշրջային ավտոբուսներին արգելել են անցնել հյուսիսային Սինայի մայրուղով, որն ընկնում է Միջերկրական ծովի ափին: Արգելքը տարածվում է ինչպես առանձին ավտոբուսների, այնպես էլ շարասյուների վրա: Նման որոշում է ընդունվել նախորդ շաբաթ Ռաֆահ քաղաքի մերձակայքում ծայրահեղականների հարձակումից հետո:
Այդ մայրուղին եգիպտական ցամաքային մասը կապում է Ռաֆահի հետ, որտեղ գտնվում է Գազայի պաղեստինյան հատվածից Եգիպտոս տանող ցամաքային միակ ճանապարհը:
Շրջանային իշխանությունները պաշտոնապես ընկերություններին տեղեկացրել են որոշման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 5-ին Եգիպտոսում զինված հարձակում էր տեղի ունեցել Քարմ Աբու Սալեմ սահմանային անցակետի վրա, որը գտնվում է Սինայի թերակղզու հյուսիսում` Իսրայելի սահմանին: Զոհվել են իրավապահ մարմինների 16 աշխատակիցներ, 7-ը վիրավորվել են:
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել էր, որ եգիպտական բանակը եւ ոստիկանությունն իրենց վերահսկողության տակ կվերցնեն Սինայի թերակղզին:




























