Կազակական ուժերով կովկասցիներին վտարելու Կրասնոդարի եկրամասի ղեկավար Ալեքսանդր Տկաչովի հայտարարության հետ կապված աղմուկը Ռուսաստանում նոր թափ է առնում:
Կովկասյան համայնքների նեկայացուցիչները կարծում են, որ Տկաչովի նախաձեռնությունը կհանգեցնի ազգամիջյան բախումների եւ դաշնային իշխանություններին կոչ են անում հեռացնել պաշտոնյային:
Տկաչովը հայտարարությունն արել էր օգոստոսի 3-ին:
Ինչպես երկրամասում հայտնել էին «Կոմերսանտին», կազակական կառույցներն աշխատանքին ձեռնամուխ կլինեն սեպտեմբերի 1-ից, աշխատավարձը կկազմի 25 հազար ռուբլի, նրանց պարտականությունների մեջ է մտնելու փաստաթղթերի ստուգումը եւ ձերբակալվածներին ներքին գործերի մարմիններ տեղափոխելը:
Բացատրություն է տվել անձամբ Տկաչովը: «Դուք իսկապես ինձ մեղադրում եք ազգայնականության մե՞ջ: Իմ առաջին տեղակալն ադիգեյ է, խորհրդատուն` թաթարուհի, ընկերներիս մեջ հայեր կան, հույներ: 12 տարի կառավարում եմ երկրամասը, որտեղ կա 120 ազգություն, եւ բոլորից լավ եմ հասկանում, թե ինչքան փխրուն է այս խաղաղությունը»,- հայտարարել է նա:
Նախկինում ՌԴ-ի հասարակական պալատի ներկայացուցիչները հայտարարել էին Տկաչովի հայտարարությունը ստուգելու նպատակով Գլխավոր դատախազություն դիմելու մտադրության մասին:




























