Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում  ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի գործով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշերով (Ճանապարհային կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից: Հոդվածի խստացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ մահացել է նաեւ երկրորդ ուղեւորը` 85-ամյա Աղավնի Մխոյանը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Էջմիածին- Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում  այսօր ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել: Զոհվել էր մեկ, վիրավորվել մոտ մեկ տասնակ մարդ, նրանցից վեցի վիճակը ծանր էր: Վթարի մասին ահազանգն ստացվել էր  ժամը 11.59-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքերում բախվել են « Գազ 53» մակնիշի  եւ «Գազել»  մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Շուշանիկ եւ Նարե Գրիգորյանները (ծնված համապատասխանաբար 1991 եւ 1988թթ.), Ալբերտ եւ Վանուհի Խաչատրյանները (ծնված համապատասխանաբար 1988 եւ 1993թթ.), Անուշ Տիգրանյանը  (ծնվ. 1969թ.), Կարինե եւ Գայանե Խաչատրյանները  (ծնվ. համապատասխանաբար  1982 եւ 2004թթ.), Լուսինե Սարգսյանը  (ծնվ. 1959թ.), անձը չպարզված մեկ կին (անգիտակից լինելու պատճառով): 1963թ. ծնված  Սայաթ Գրիգորյանը մահացել էր:

Ն. Գրիգորյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Խաչատրյանի, Կ. Խաչատրյանի, Գ. Խաչատրյանի եւ անձը չպարզված քաղաքացու վիճակը բժիշկները ծանր են գնահատել: Նրանք տեղափոխվել են Երեւան քաղաքի «Էրեբունի» եւ «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, իսկ Շ. Գրիգորյանի, Ա. Տիգրանյանի եւ Լ. Սարգսյանի առաողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարաները կանխել էին ավտոմեքենայից գազի արտահոսքը եւ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: