Ազգային բարեկեցության չափանիշներից մեկը ապրանքների եւ ծառայությունների սպառման մակադակն է: Ցավոք, այս հարցում պարծենալու բան չունենք:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ժողովրդի վիճակն ավելի վատացավ, աճեց աղքատության մակարդակը, ապրանքաշրջանառության ծավալները կրճատվեցին: Բայց ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից իրավիճակը փոխվեց:
Մտածում ես, որ աշխատողների աշխատավարձը բարձրացվեց եւ ժողովուրդը կրկին աշխուժացավ: Եւ իսկապես, հունվար-հունիս ամիսներին միջին աշխատավարձը բարձրացել է 4,0 տոկոսով: Սակայն այստեղ մի բայց կա:
Միամտություն կլիներ մտածելը, որ միջին աշխատավարձի ցուցանիշը իրականության մեջ հսկայական տարբերակում չունի: Անցել են այն ժամանակները, երբ բանվորը արտադրամասի ինժեներից բարձր էր վարձատրվում: Առեւտրային ձեռնակությունների տնօրենները ունեն այդ նույն «վարձու աշխատողի» կարգավիճակը, ինչ որ եւ շարքային քաղաքացիները: Կան նաեւ այլ պատճառներ:
Հայտնի է, որ ամսական միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ են ընդգրկվում նաեւ բոնուսները (պարգեւավճարները): Մեր հանրությունը տեղեկացված է մի շարք արտասահմանյան բանկերի ղեկավարության բարձր բոնոսների մասին: Սակայն, թե ինչ է մեզ մոտ տեղի ունենում, կարելի է միայն գուշակություն անել: Առեւտրային գաղտնիք է…
Հետաքրքիր է, թե որ տնտեսական բնագավառներում է տեղի ունեցել աշխատավարձի բարձրացում:
Ընթացիկ տարվա մայիսին ամսական միջին աշխատավարձը աճել է լեռնարդյունաբերական արտադրությունում` 63,4%:
Ըստ 2010 թվականի տվյալների` այս բնագավառում հաշվառվում էր 7,6 հազար մարդ, որը կազմում է երկրի բնակչության վարձու աշխատողների ընդամենը 1,4%-ը:
Երկրորդ տեղում են հասարակական սննդի եւ բնակարանային ոլորտի աշխատակիցները` 14,0% աճով:
Իսկ կրթության ոլորտի աշխատակիցները, որոնք 100 հազարից շատ են, նվազ հաջողակ են: Նրանց աշխատավարձը բարձրացել է ընդամենը 2,8%-ով:
Ուսուցիչների ամսական միջին աշխատավարձը 80,7 հազար դրամ է: Այնպես որ ուսուցիչները չեն էլ երազում արտասահմանյան մակնիշի մեքենա գնելու մասին:
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով` շինարարության ծավալն աճել է մեկուկես անգամ:
Չնայած շինարարության ակտիվացումը ենթադրում է շուկայում բանվորական ուժի պահանջարկի աճ, սակայն շինարարական կազմակերպությունները համարժեք չեն արձագանքել այս փաստին: Շինարարության ոլորտում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է միայն 1,1%:
Ինչ վերաբերում է ժողովրդի բարեկեցության աճին, ապա այն ակնհայտորեն, տեղի չի ունեցել:
Ալբերտ Խաչատրյան




























