Ամերիկյան քաղաքական հաստատությունների ներկայացուցիչները վերջին ժամանակներս հաճախ են անդրադառնում Իրանի եւԱդրբեջանի հարաբերություններին, մասնավորապես, այսպես կոչված Հարավային Ադրբեջանի հարցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սեւծովյան-Կասպյան տարածարջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը` անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսի նախկին անդամ Մայքլ Մաքմահոնի կատարած այն հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Ադրբեջանին իրանական վտանգից:

«Սա նման բնույթի առաջին ելույթը չէ: ԱՄՆ-ում այս հարցով տեղի են ունեցել մի շարք քննարկումներ եւ սա մտահոգիչ է: Լավ հայտնի է, որ երբ ԱՄՆ ուշադրություն է դարձնում այս կամ երկրի ազգայի խնդիրներին, ավելի է խորացնում այդ խնդիրները: Որպես օրինակներ կարող են ծառայել Սովետական Միությունը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի երկրները, մասնավորապես, Սիրիան»,- նկատում է Արեշեւը:

Փորձագետի կարծիքով, դրանով է բացատրվում Իրանի հանդեպ  ռազմական գործողությունների հարցում Նահանգների ապակողմնորոշումը: «Ռազմական գործողությունների անհայտ հեռանկարների պայմաններում ԱՄՆ-ն փորձում է ներսից պայթեցնել Իրանը: Իրանում առանց այդ էլ առկա խնդիրներին արեւմուտքը ցանկանում է ավելացնել նաեւ ԻԻՀ-ի հյուսիսային հատվածի հարցը, որտեղ բնակվող թուրք ազգաբնակչությունը բավականին մեծ թիվ է կազմում: Իրանի հանդեպ բացահայտ պատերազմի հավանականությունը հետաձգվել  է, շեշտը դրվել է երկիրը ներսից քայքայելու գործելաոճին` ահաբեկչությանը...».-նշել է Արեշեւը:

Սեւծովյան-Կասպյան տարածարջանի   քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցը ընդգծել է, որ Իրանի հյուսիսային շրջանի ապակայունացումը իր պատասխան հետեւանքները կունենա ոչ միայն ԻԻՀ-ում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս` մասնավորապես Հարավային Կովկասում:

Միեւնույն ժամանակ զրուցակիցը նշել է, որ հարցին պետք է լուրջ վերաբերել, սակայն առանց խուճապի.« Իրանական Ադրբեջանի ազգաբնակչությունը իրեն չի տեսնում ԻԻՀ-ի կազմից դուրս եւ ունի խիստ իրանական կողմնորոշում: Բացի այդ, իրանական հատուկ ծառայությունները բավականաչափ ուժ ունեն ապստամբ ուժերի գործողություններն ու   բարդացումները արմատախիլ անելու համար»,-  ամփոփել է նա:

Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին ԱՄՆ կոնգրեսի նախկին անդամ Մաքմահոնի հայտարարությունն այն մասին, ըստ որի ԱՄՆ-ն կպաշտպանի Ադրբեջանին իրանական վտանգից: Մաքմահոնը Ադրբեջանը նաեւ անվանել է «Ժամանակակից եւ աշխարհիկ երկիր»: