Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի հայտարարությունը հայերին չի վերաբերում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Ըստ նրա` հայերը չպետք է Կրասնոդարի երկրամաս տեղափոխվեն, նրանք այնտեղ վաղուց են ապրում:
«Խոսքը տարբեր կովկասյան պետությունների մասին է, որոնց բնակիչները գալիս են Կրասնոդարի երկրամաս, աղմկում են, զբաղվում հանցագործությամբ, կրակում են, իրենց անհարիր պահում: Իսկ իրենց մոտ հանգիստ են, հասարակական կարգը չեն խախտում, այլապես Քադիրովը տեղը կդնի», - նշել է Ալեքսանդրովը: Ըստ նրա` Տկաչովը ռասիստական հայտարարություն չի արել:
«Այժմ փորձում են այդ հողի վրա ազգամիջյան բախումներ հրահրել: Դա ձեռնտու է որոշակի շրջանակների: Նրանք փորձում են Կրասնոդարի երկրամասը բնակեցնել Հյուսիսային Կովկասի եկվորներով: Տկաչովը պարզապես միջոցներ է ձեռնարկում», - հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՌԴ-ի հասարակական պալատի ներկայացուցիչները հայտարարել էին Գլխավոր դատախազություն դիմելու մտադրության մասին` Տկաչովի հայտարարությունը ստուգելու նպատակով:
Պատճառ էին դարձել Ալեքսանդր Տկաչովի խոսքերը Կովկասի բնակիչների եւ այն մասին, որ կազակական ուժերով պետք է կանխել նրանց տեղափոխումը Կրասնոդարի երկրամաս: Դաղստանցի պատգամավոր Գաջիմետ Սաֆարալիեւը նահանգապետի հայտարարությունն անվանել էր օրենքին հակասող: Նա կարծում է, որ Տկաչովը պետք է հրաժարական տա:
Ավելի ուշ Թվիթերոմ նահանգապետն անձամբ հերքել էր ազգայնականության մեղադրանքները, սակայն հաստատել էր, որ «մտադիր չէ հանգիստ նայել, թե ինչպես են եկվորներն արհամարհում տեղական սովորույթները եւ իրենց վատ են պահում»: Կուբանի կազակները հերթապահությունը կսկսեն սեպտեմբերից:




























