Իրանում այս տարվա հուլիսին տեղի ունեցած հետընտրական գործընթացները շոկ դարձան ողջ արտաքին աշխարհի համար, քանի որ վկայում էին այդ երկրում հայացքների բազմազանության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի իրանագետ Կարինե Գեւորգյանը: Նրա խոսքով, այդ իրադարձություններն ապացուցեցին, որ երկրում կենդանի, բավական ակտիվ քաղաքական գործընթացներ են գնում: «Իրանում, ինչպես եւ ցանկացած այլ երկրում սովորական քաղաքական կյանք է: ԸՆտրություններ, դժգոհություններ, ձայների վերահաշվարկ, այսինքն այն, ինչ սովորական երկրում»,- կարծում է նա:

Ինչպես նշեց Գեւորգյանը, բավական դժվար է կանխատեսել ներքաղաքական կյանքի հետագա զարգացումներն Իրանում: Թեեւ իրանական ընդդիմության վարքը մեծապես կախված է իրանական սփյուռքից, որը վերջին շրջանում բավական ակտիվացել է, նշեց նա: Փորձագետի խոսքով, այսօր բավական հստակ է դարձել, թե ում է պետք հեղաշրջումն այդ երկրում, նրա պայթյունը ներսից: «Եւ այնուամենայնիվ, ոչինչ ծրագրել հնարավոր չէ, դա կենդանի գործընթաց է: Նախընտրական փուլում բոլորին թվում էր, որ Իրանում ամեն ինչ պարզ է, սակայն մենք բոլորվին այլ իրողությունների ականատեսը դարձանք»,- նշեց Գեւորգյանն ու հավելեց, որ այդ երկրում տոտալիտար համակարգը հրաշալի համատեղվում է ժողովրդավարության հետ:

Ինչ վերաբերում է Իրանի ատոմային ծրագրին, փորձագետը նկատեց, որ այդ երկրի ատոմային օբյեկտները հարձակման ենթարկելու սպառնալիքները, ամենայն հավանականությամբ, «պարզապես խոսքեր են»: Ընդ որում, նա նշեց, որ հնարավոր չէ բացառել իրավիճակի զարգացման եւ ոչ մի սցենար: «Ռազմական հակամարտությունը, թեեւ ամենաքիչ իրատեսականն է բոլոր տարբերակներից, բայց մենք պատմությունից գիտենք, որ նման տարբերակը կարող է կյանքի կոչվել»: Անդրադառանալով միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցին, Գեւորգյանը նշեց, որ այդ երկրները պետք է հասկանան, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են լինելու: «Ցակնացած դեպքում, եթե անգամ իրավիճակի ռազմական զարգացումն իրական դառնա, Իրանը կկարողանա արժանի հակահարված հասցնել, քանի որ բավարար ռազմական հզորություն ունի»,- ասաց նա: