«Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ» ընկերությունը չի ստացել  «Արմավիա» ավիաընկերության փաստաթուղթը, որով վերջինս հրաժարվում է  Sukhoi Superjet-100 (SSJ-100)` ներկայումս պլանային տեխզննում անցնող ինքնաթիռի նկատմամբ պայմանագրային պարտավորություններից: Այս մասին «Պրայմ» գործակալությանը հայտնել են «Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ» ընկերությունից:

«Ներկայումս «Արմավիա» ընկերության  երկու ինքնաթիռները գտնվում են «Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ» ընկերության  տարածքում: Ավիափոխադրողի կողմից պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ դեռեւս ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստացվել: Մենք փորձում ենք «Արմավիա» ընկերության հետ կարգավորել աշխատանքային հարաբերությունները: Ավիափոխադրողի հետ կապված բոլոր կոմերցիոն հարաբերությունները գաղտնի բնույթ են կրում»,- հայտնում  են «Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ» ընկերությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով   RBC daily-ի ամսագրի`«Արմավիա» ընկերությանը մոտ կանգնած  աղբյուրներին, հայտնել էր, որ `«Արմավիա»-ն չի ցանկանում վերանորոգումից վերցնել առաջին  SSJ-100-ը:

Միեւնույն ժամանակ «Նովայա գազետան» հետաքննություն է անցկացրել SSJ-100 –ի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին տեղեկություն էր ստացվել այն մասին, որ ինքնաթիռը «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրէջք էր կատարել` սրահի ապահերմետիկացման պատճառով: Թերթը պարզել է, որ Չեբոքսարի օդային տարածքում ինքնաթիռում ինչ որ բան է կատարվել, որը փորձում են թաքցնել` հավանաբար չցանկանալով վախեցնել հնարավոր ուղեւորներին:

Որոշ փորձագետների կարծիքով, ինքնաթիռի սրահում իսկապես տեղի է ունեցել ապահերմետիկացում, եւ անձնակազմը, ճիշտ կողմնորոշվելով, ինքնաթիռը իջեցրել է անվտանգ բարձրության վրա, որպեսզի հնարավոր լինի  կանխել  թթվածնային անբավարարությունը: Որոշներն էլ վստահեցնում են, որ սխալ են աշխատել ցուցիչները: