Միջազգային հետխուզման մեջ գտնվող Մոսկվայի բանկի նախկին ղեկավար Անդրեյ Բորոդինը գնել է Մեծ Բրիտանիայի ամենաթանկարժեք առանձնատունը, որը վաճառվել է անցյալ ամառ` 140 միլիոն դոլարով: Այս մասին հայտնել է բրիտանական  Sunday Times թերթը` վկայակոչելով Պահպանողական կուսակցության տեղական միության ներկայացուցիչ Ջոն Հոլսալային:

Բերշկիր անգլիական կոմսության Ռեմենհեմ գյուղի տարածքում գտնվող 300-ամյա առանձնատան գնորդի անունը մինչեւ վերջերս անհայտ էր, քանի որ գործարքը իրականացվել էր Բրիտանա-Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության կողմից: Ինքը` Բորոդինը  այս մասին ոչ մի մեկնաբանություն չի տվել:

Կալվածքի տարածքում կան ուղղաթիռների համար նախատեսված հարթակ, սպա-համալիր, տնային կինոթատրոն, գոլֆի դաշտ, ախոռ,  նավակայան: Տարածքը հսկվում է անվտանգության  բարձր տեխնոլոգիական համակարգով: Կալվածքի տարածքը կազմում է մոտ 80 հա, հայտնում է «Գազետան.ru»-ն:

Ավելի վաղ կալվածքը պատկանում էր Ուելսի արքայազն Ֆրեդերիկին եւ հույն նավատեր Ջոն Լաթսիսին: 2007 թ-ին այն 45 միլիոն դոլարով գնել էր Մայք Սփինքը: