Հայրենական արտադրությունը ամբողջովին ի վիճակի է Հայաստանի գյուղատնտեսությանն ապահովել ազոտական պարարտանյութով՝ ամոնիումի նիտրատով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ագրարային համալսարանի բուսաբուծության եւ բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը՝ հավելելով, որ Վանաձորի քիմիական գործարանը ԽՍՀՄ տարիներին ապահովում էր Հայաստանի համար անհրաժեշտ քանակության ամոնիումի նիտրատը։

«Ներկայումս մենք այն ներկրում ենք Վրաստանից՝ Ռուսթավելիի քիմիական գործարանից, սակայն դրա որակը անհրաժեշտից ցածր է։ Ըստ  ստանդարտի՝ սիլիտրայում ազոտի քանակությունը պետք է 30-32 տոկոս լինի, իսկ վրացականը 20-25 տոկոսը չի գերազանցում։ Այսինքն՝ մենք պարարտանյութ ենք առնում, բայց այն ստանդարտին չի համապատասխանում»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ Վանաձորի գործարանի արտադրած սիլիտրան համապատասխանել է բոլոր չափանիշերին։

Մելիքյանի խոսքով, եթե ներկայումս կիրառվի ԽՍՀՄ տարիների սիլիտրայի ստացման տեխնոլոգիան,  այն կբավարարի պահանջներին։ «Նոր բան պետք չէ հայտնաբերել, մենք սիլիտրայի ստացման տեխնոլոգիան էլ, դրա անհրաժեշտ տեխնիկական պայմաններն էլ ունենք»,- ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ այս պարարտանյութը ստանալու համար անհրաժեշտ ազոտը ստացվում է օդից, այսինքն՝ այն գնելու կարիք չկա։

Փորձագետի խոսքով՝ վերջերս Հայաստանում սիլիտրայի արտադրության մեկ-երկու փորձեր եղել են, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի իրականացվել։ «Հայաստանի գյուղատնտեսությանը եւ արտադրությանը մեծ աջակցություն կլինի, եթե ամոնիումի նիտրատը այստեղ արտադրեն»,- կարծիք հայտնեց Մելիքյանը՝ նշելով, որ Հայաստանում արտադրվող ազոտական պարարտանյութը ճիշտ հաշվարկների դեպքում ավելի էժան կստացվի, եւ բնականաբար գյուղատնտեսները մեծ պատրաստակամությամբ կգնեն հայկականը։ «Այս տարբերակը գյուղացու համար «գտած բան» կլինի։ Եվ ես համոզված եմ, որ դրա կազմակերպումը միանգամայն հնարավոր է»,- եզրափակեց Մելիքյանը։