Su-100 Superjet երկրորդ ինքնաթիռը գնելուց հրաժարումը մնում է ուժի մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Արմավիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Ժասմեն Վիլյանը: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ի մեկնաբանությունները, թե «Արմավիան» պաշտոնապես չի հայտարարել ինքնաթիռների գնումից հրաժարվելու մասին:
Ժասմեն Վիլյանը հաստատեց տեղեկատվությունը, որ երկրորդ ինքնաթիռը չի գնվելու, իսկ առաջինը ետ չեն վերցնի վերանորոգումից, քանի որ շահագործումից մեկ տարի անց վերանորոգման անհրաժեշտություն է առաջացել:
Նշենք, որ երկու Su-100 Superjet մակնիշի ինքնաթիռների համար «Արմավիան» 2007թ. VTB բանկից 55-60 մլն դոլարի վարկ էր վերցրել:
Առաջին «Սուպերջեթն» «Արմավիան» ստացել էր 2011թ. ապրիլին, 2011թ. ընթացքում ինքնաթիռը 1800 ժամ թռիչք էր կատարել, ներկայումս ինքնաթիռը գտնվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ում` վերանորոգման համար:



























