«Հրապարակը» գրում է, որ արմատական ընդդիմություն  Հայ ազգային կոնգրեսը, թեեւ Գյումրիում սեփական թեկնածուն առաջադրելու հարցում որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, բայց, հավանաբար, չի մտնի մատի ու մատանու արանքը:

«ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մեզ ասաց, որ, իր տեղեկություններով, որեւէ որոշում առայժմ չկա: «Ես մի առիթով ասել եմ՝ Գյումրիում ընչազուրկներն են շատ, այսինքն՝ որեւէ  մարդ քաղաքացիական դերակատարում չունի, քաղաքական  ընդհանուր պրոցեսը Գյումրիի համար առանձնահատուկ շեշտադրություն ունի:

Եթե վերեւներում գործընթացները գնում են իշխանությունների համար սահուն սցենարով, նշանակում է  արդեն կանխորոշել են, թե ով պիտի լինի քաղաքապետը, իսկ ընդդիմությունն էլ, եթե սցենարը գնում է իշխանական սցենարով, անելիք չունի»,-ասաց Մակեյանը` նշելով, որ ինքը լավ ծանոթ է քաղաքի նիստուկացին, ընդդիմադիր ընկերներին եւ գտնում է, որ ՀՀ երկրորդ քաղաքի ղեկավարի  ընտրություններում ընդդիմությունը չի կարող որեւէ դերակատարում ունենալ: