Թուրքիան քաղաքացիական անձանց համար փակել է Իրաքի հետ ընդհանուր սահմանները` հակաահաբեկչական գործողությունների համար:
Նման որոշում են կայացրել Հաքյարի նահանգի ղեկավարները, որտեղ անցյալ շաբաթվա վերջին քուրդ գրոհայինների կողմից սպանվել էին անվտանգության ութ աշխատակից:
Հաքյարի նահանգը գտնվում է Իրաքի սահմանին եւ այս շրջանը հանդիսանում է «Քրդական աշխատավորական կուսակցության» ապստամբների` Թուրքիա ելումուտի հիմնական անցուղին, հայտնում է Իտար-Տասը:
Նահանգում հայտարարվել է ժամանակավոր 7 «անվտանգության տարածք» ստեղծելու որոշման մասին: Մինչեւ հոկտեմբերի 6-ը քաղաքացիական անձինք այս տարածքներ մուտք գործելու համար պետք է ձեռք բերեն գլխավոր շտաբի թույլտվությունը: Խախտողների հանդեպ կկիրառվեն զինվորական դրությանն համապատասխան պատժամիջոցներ:
Հաքյարիում իրականացվող զինվորական գործողությունները շարունակվում են արդեն 2 շաբաթ: Ներկայումս հակաահաբեկչական գործողություններին մասնակցում են անվտանգության մոտ 5 հազար ներկայացուցիչներ, այդ թվում հատուկ ջոկատայիններ եւ մարտական ավիացիա:




























