Հայաստանի բնակչության 49%-ը վատ պայմաններում է ապրում, բայց հարմարվել է իր վիճակին: Այդ են վկայում Քաղաքական եւ սոցիալոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) անցկացրած հարցումները: Հարցումներն անց են կացվել 2010-11թթ.:

2000 հարցվածների 49% -ը հայտնել են, որ հաշտվել են կյանքի անբավարար մակարդակին,  10.3%-ը լավ են ապրում, գոհ են իրենց վիճակից, 3.3%-ը լավ են ապրում, բայց դժգոհ են վիճակից: Բնակչության 37.4%ը դժգոհ է կենսապայմաններից եւ պահպանում է դժգոհությունը:

Ինչպես այսօր` օգոստոսի 7-ին, լրագրողներին հայտնեց ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը, կենսապայմանները ցուցանիշների չորս խմբերով են որոշել: Ամենաշատ դժգոհությունները տնտեսական բնույթի էին: Ենթակառույցների, կառավարման եւ մարդու իրավունքների հարցում դրական վերաբերմունքն աճում էր:  Հատկապես դրական են արտահայտվել հեռահաղորդակցման վերաբերյալ: Բջջային կապից գոհ են հարցվածների 90% -ը, ինտերնետից`մոտ 70%-ը: 2010թ. համեմատ նվազել է սննդամթերքների որակի գնահատականը:  «Սակայն հարկ է նկատել, որ կառավարությունը, ծանոթանալով արդյունքներին, սննդի որակի վերահսկողությանն ուղղված քայլեր ձեռնարկեց», –նշեց Ս. Մանուկյանը:

Այսպիսով, 2010թ. համեմատ կենսամակարդակն աճել է 3%-ով, ինչը, ըստ Ս. Մանուկյանի, կարող է պայմանավորված լինել արտագաղթով:

«Երկիրն ամեն տարի միջինը 30 հազար մարդ է լքում, հնարավոր է, հիմնականում դա հենց այն դժգոհողներն են», –նշել է Ս. Մանուկյանը: