Հայաստանի կառավարությունը մտադիր է կարգավորել բավականին լայն տարածում գտած` գիշերային ժամերին հրավառությունների կազմակերպումը:

Այդ նպատակով կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» որոշման նախագիծը:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, նախագծով ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հիշյալ արտադրատեսակների օգտագործմամբ հրավառություն կազմակերպելու իրավունք վերապահել ՀՀ պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին` «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01.00-ը:

Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01.00-ը, հրավառություն կկարողանան կազմակերպել նաեւ քաղաքացիները:

Հեղինակների հիմնավորմամբ, որոշման նախագիծը նախապատրաստվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի (Լռությունը խախտելը) կիրարկումն ապահովելու նպատակով:

Համաձայն վերոհիշյալ հոդվածի՝ մասնավորապես, գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի`100 հազար դրամի, չափով:

Արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով: