Օգոստոսի 7-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դանահյուն անցկացրեց 42 Խաղաղության կորպուսի կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողությունը (ֆոտոռեպորտաժ)։
ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի եւ կաշխատեն ԽԿ–ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում եւ համայնքի ու երիտասարդության զարգացում։
Միջոցառումը անցկացվեց Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, որտեղ ներկա էին 250 հանդիսատես, այդ թվում՝ նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետներ ու միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նաեւ տոնում էր 11 շաբաթյա դասընթացի հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաեւ սովորել էին ինտենսիվ հայերեն։
Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ , եւ հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները։ Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:
ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից եւ այդ ժամանկից ի վեր ավելի քան 200 000 կամավոր է ծառայել ավելի քան 100 երկրում։ 1992թ–ից մինչ այսօր Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 750 կամավոր:
Խաղաղության կորպուսը ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին; օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին եւ օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին։




























