Բելառուսի մայրաքաղաք Մինսկում սպանվել է նախահեղափոխական Վրաստանի ազդեցիկ դեմքերից մեկը` Բոնդո Շալիկիանին: Սպանվել է նաեւ նրան ուղեկցող «կովկասյան արտաքինով» տղամարդը, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Շալիկիանին ազդեցիկ դեմք էր վրացական Իմերեթի շրջանում: Նա վերահսկում էր նավթամթերքների բիզնեսը եւ  «Քութայիսի» հեռուստաընկերության տերն էր:

Շալիկիանին բազմիցս տարբեր քաղաքական ուժերի կողմից մեղադրվել է  քրեական աշխարհի հետ կապերի համար: 2004 թվականի մարտին Թքիբուլիից մեծամասնական պատգամավոր Բոնդո Շալիկիանին ձերբակալվել էր հատուկ գործողության ընթացքում: Ըստ ոստիկանության` խուզարկության ժամանակ նրա տանը հրազեն էին հայտնաբերել:

Հատուկ գործողությունը ղեկավարում էր այն ժամանակվա նահանգապետ Իրակլի Օքրուաշվիլին, ով դարձավ պաշտպանության նախարար, ապա երկրի ղեկավարության հետ հակասությունից հետո ընդդիմության կողմն անցավ: