Հայաստանում եւ ամբողջ աշխարհում օգոստոսի 7-ին հարգում են ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը: Երեւանում այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել են Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչները:
Ասորիների միության նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը պատմել է, որ Օսմանյան կայսրությունում 2 միլիոն ասորիներ են ապրել, որոնք հայերի եւ հույների հետ ենթարկվել են ցեղասպանության: Ասորիները 750 հազար զոհ են տվել: Ասորիների ցեղասպանության օր է ընտրվել այս օրը` կապված 1993 թվականին ասորիների զանգվածային ջարդի հետ, որի ընթացքում միայն մեկ օրում երկու քրիստոնեական եկեղեցիներում այրել էին 3000 տղամարդու, կանանց եւ երեխաների: Խոսրոեւը նշել է, որ Սադամ Հուսեյնի օրոք Իրաքում ապրում էր շուրջ 1 միլիոն 200 հազար ասորի, իսկ այսօր ընդամենը 60 հազար:
Իր հերթին Հայաստանի ասորիների «Արթուր» ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը նշել է, որ օգոստոսի 7-ին Հայաստանի եւ ամբողջ աշխարհի ասորական եկեղեցիներում ժամերգություն տեղի կունենա նվիրված զոհերի հիշատակին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր խորհրդարանը պաշտոնապես կճանաչի հույների եւ ասորիների ցեղասպանությունը:
Խոսրոեւը տեղեկացրել է, որ վարչապետի հետ հանդիպմանը պարզ է դարձել, որ օրինագիծը չէր ընդունվել այնտեղ պարունակվող ոչ ճիշտ ձեւակերպումների պատճառով:
Հայաստանի ասորիների համայնքի ներկայացուցիչները նաեւ տեղեկացրել են, որ ասորիների ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթացքի մեջ է Հոլանդիայի խորհրդարանում, Շվեդիայի խորհրդարանն ընդունել է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը եւ ներկայումս նման գործընթաց է տարվում նաեւ Ավստրալիայում: Բացի ցեղասպանության ճանաչումից` ամբողջ աշխարհի ասորական կազմակերպությունները պահանջում են ինքնավարություն Իրաքի իրենց պատմական հողերի նկատմամբ, որը անմիջականորեն կենթարկվի Բաղդադին:




























