Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Եվրոպական ներդրումային բանկի Արեւելյան քաղաքականության եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը  օգոստոսի 7-ին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» 30.316 մլն եվրո եւ «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» 6.5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերը:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից փոխանցում են, որ «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի եւ առեւտրի համար նպաստավոր պայմանների ապահովման եւ սահմանը հատող անձանց եւ ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները, որը նրանց թույլ կտա իրականացնել Եվրամիության սահմանների համալիր կառավարման սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:

«Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» նպատակն է բարելավել ՀՀ Տավուշի, Լոռիի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում 17 բնակավայր սպասարկող` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) եւ ջրի մաքրման օբյեկտների վերակառուցումն ու արդիականացումը: Մասնավորապես` նախատեսվում է բարձրացնել 300.000 սպառողներին մատուցվող ծառայությունների որակը` զգալիորեն երկարացնելով խմելու ջրի մատակարարման տեւողությունը, որը ներկայում կազմում է միջինում ավելի քիչ, քան 14 ժամ, ինչպես նաեւ ապահովել ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Եվրոպական ներդրումային բանկի Արեւելյան քաղաքականության եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը  եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ստորագրեցին նաեւ «Փոքր համայնքների ջրային ծրագրի» ծրագրային համաձայնագիրը, համաձայն որի «Հայջրմուղկոյուղին» պետք է ապահովի վերոնշյալ ծրագրի իրականացումը: