«Կովկաս-2012» ուսումնավարժանքները, որոնց այս տարվա աշնանը կմասնակցեն 8 հազար զինծառայողներ, այլ երկրների համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը:
Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ արտասահմանյան դիտորդները հրավիրված չեն «Կովկաս-2012» ուսումնավարժանքներին այն պատճառով, որ դրանք վերաբերում են միայն Ռուսաստանի ներքին անվտանգությանն ու պաշտպանությանը:
«Որպեսզի բացառենք լարվածությունը մեր որոշ հարեւանների հետ, ուսումնավարժանքների մասնակիցների շարքում բացակայում են Հայաստանի, Հարավային Օսիայի, Աբխազիայի ռազմակայանների ստորաբաժանումները: Այլ պետությունների ներկայացուցիչներ չկան: «Կովկաս-2012» ուսումնավարժանքները կանցկացվեն միայն Ռուսաստանի տարածքում», - հավելել է գեներալը:
Ըստ վերջին տեղեկության`հրաձգություն կիրականացվի «Իսկանդեր» հրթիռային համալիրից:
«Կովկաս-2012» ուսումնավարժանքները տեղի կունենան սեպտեմբերի 17-ից 23-ը` Ռուսաստանի հարավային մասում:




























