Շվեյցարական գիտնականները հովիվներին առաջարկել են հոտի վրա հարձակման մասին իրազեկման մեխանիկական միջոց` սրտի աշխատանքի ազդակները գրանցող անլար փոխանցիչներ, որոնք կտեղադրվեն ոչխարների վրա: 

Սարքը տագնապի SMS կուղարկի հովվի համարին: Ըստ տվյալների` վտանգի դեպքում ոչխարների սրտի  զարկերը 60 հարվածից հասնում են րոպեում 225 հարվածի:

Այդ փորձնական ծրագիրն ընդգրկում է Ֆրանսիան եւ Շվեյցարիան: Վերջին ժամանակներս այդ վայրերում գրանցվել են գայլերի հարձակման դեպքեր, հայտնում է  «Ռոսբալտը»:

Իր հոտը գողերից փրկելու ինքնատիպ միջոց է  մտածել անգլիական Դեւոն կոմսության  ֆերմերը: Նա իր ոչխարներին  նարնջագույն է ներկել: Ըստ 48-ամյա Ջոն Հերդի` դա պետք է վախեցնի գողերին: Նա ընդգծել է, որ ներկը թունավոր չէ եւ չի վնասում ոչխարներին: