Վերջին շրջանում Հայաստանի քաղաքականությունն անորոշ է դարձել, եւ Ռուսաստանը կցանկանար որոշ հարցեր պարզաբանել: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ  Երվանդ Բոզոյանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի`  օգոստոսի 8-ին Մոսկվայում ծրագրված հանդիպումը:

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը կցանկանար պարզաբանել Հայաստանի դիրքորոշումներն իրեն հետաքրքրող մի շարք ուղղությունների, մասնավորապես, տնտեսական ոլորտում: Միաժամանակ Բոզոյանն ընդգծեց Հայաստանի ակտիվությունը սեփական շահերի պաշտպանության հարցում, օրինակ, գազային ոլորտում եւ այլ ուղղություններով:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հանդիպման օրակարգում կընդգրկվի Եվրասիական միության հարցը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ կառույցի ստեղծումը բխում է հենց Ռուսաստանի շահերից: «Սակայն հարցն ամենեւին այն չէ` Հայաստանը լինի այդ կառույցում, թե ոչ: Միությունը դեռ գոյություն չունի, այն դեռ թղթի վրա է»,-նշեց փորձագետը: