Արաբական գարնան վերջնական թիրախն Իրանն է: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնեց արաբագետ, քաղաքագետ Սարգիս Գրիգորյանը:
«Արաբական բոլոր երկրներում, վերջին հաշվով, բոլոր սցենարներն այդ երկրի դեմ են կազմվում: Եվ այն արտաքին ուժերը, որոնք փորձում են լուծել սիրիական խնդիրը, ջանքերն ուղղորդում են նաեւ Իրանի դեմ», - նշել է նա:
Հիշեցնենք, որ վերջերս ամերիկյան The Hill թերթը, լուսաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսը, հրապարակել էր Հանրապետական կուսակցության նախկին կոնգրեսական Մայքլ ՄըքՄահոնի «Իրանն սպառնալիք է Արեւելքին եւ իր հարեւաններին» հոդվածը, որտեղ նշվում է, թե Իրանին անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը սերտ դիվանագիտական եւ ռազմական կապեր ունի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ:
Ըստ Ս. Գրիգորյանի` Իրանի դեմ պայքարի մարտավարությունը ներառում է տարածաշրջանում գործընկերների ձեռքբերումը: Իրանն էլ աշխատում է գործ ունենալ ավելի կանխատեսելի հարեւանների հետ, որոնց ցուցակում Ադրբեջանը բացառվում է:




























