Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում հնարամիտ  դեռահասները  թալանել են պիցերիան, ձեւացնելով, թե իբր հաղորդման համար  նկարահանումներ են կատարում: Փողերը հանելով հաստատությունից` նրանք հայտնել են, որ կողոպուտը` «Մեզ հենց նոր թալանեցին» նոր ռեալթի շոուի մի մասն է կազմում:

Արդյունքում Fox`s Pizza Den պիցերիայի տերերը հաշվի մեջ 20 դոլարի պակասորդ են գրանցել, ենթադրվում է, որ  հենց այդքան են թռցրել հնարամիտ գողերը: Շուտով նրանք ձերբակալվել են ոստիկանության կողմից. պիցերիայի աշխատակիցները դիմել են իրավապահ մարմիններին, եւ հանցագործները չեն հասցրել թաքնվել հանցանքի վայրից, հայտնում է CNN-ը:

Գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Մասնավորապես հայտնի չէ, թե արդյոք հանցագործները զինված են եղել եւ իսկապես նրանք կողոպուտը նկարահանել են հեռախոսի միջոցով, թե միայն ձեւացրել են, թե իբր նկարահանում են: