Բժիշկները խորհուրդ են տալիս շոգ եղանակին հրաժարվել պաղպաղակից եւ վերանայել սառը ցնցուղ ընդունելու սովորությունը։ «МедВести»-ի տեղեկացմամբ՝ մասնագետների տվյալներով, բրոնխիտը, անգինան, լարինգիտը, տոնզիլիտը եւ վերին շնչառական ուղիների հիվանդությունները տարվա շոգ եղանակին աճում են 10 տոկոսով։ «Որքան փողոցում շոգ է, այնքան ավելի շատ մարդ է դիմում մեզ։ Նրանք դժգոհում են հարբուխից, կոկորդում ցավից, միեւնույն ժամանակ ուշադրություն չեն դարձնում, որ փողոցում ջերմաստիճանը շատ բարձր է, սակայն իրենք ագահությամբ սառը ըմպելիքներ են օգտագործում»,- ասել է քիթ կոկորդի բժիշկ Նատալյա Պելեշենկոն։

Բժիշկների կարծիքով՝ մարդկանց համար մեծ վտանգ են ներկայացնում նաեւ օդորակիչները։ Խնդիրը ոչ միայն սառը օդի հոսքն է, այլեւ օդորակիչից սենյակ անցնող փոշու մանր հատիկները։