Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը որոշել է Կուբանը վերածել յուրօրինակ միգրացիոն «ֆիլտրի» եւ թույլ չտալ, որ այն «ռուսական Կոսովո» դառնա: Այդ նպատակի իրականացման համար նա կազակական ոստիկանություն է ստեղծում, որը կպահպանի, իր կարծիքով, ճիշտ էթնիկական հավասարակշռությունը:
«Ի՞նչ հետեւանքների կհանգեցնի այդ նախաձեռնությունը»,- հարց է տալիս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Էխո կավկազա» կայքում հրապարակված հոդվածում:
«գաղափարը նոր չես անվանի: «Կազակական ոստիկանությունը» ապարտեիդի ռեժիմի դե-ֆակտո ամրագրումն է Հյուսիսային Կովկասի եւ մնացած Ռուսաստանի միջեւ: Միթե այդ մասին չեն խոսում զինվորական պաշտոնյաները` ժամանակ առ ժամանակ առաջարկելով վերացնել զորակոչը հյուսիսային Կովկասից: Նրանք, ախր, ապակառուցողական ու ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչներ չեն: Միթե այդ մասին, թեկուզ «լայթ-տարբերակով» չի խոսում «ազգային առաջնորդը»` պատմելով, թե Կովկասն իր «հատուկ ավանդույթներն» ունի:
Ստացվեց այնպես, որ Տկաչովի «կրեատիվ գաղափարները» հնչեցին Լոնդոնի օլիմպիական խաղերի թեժ պահին, երբ Ռուսաստանը երեք ոսկե մեդալ ուներ եւ բոլորն էլ նվաճված կովկասցիների կողմից: «Ո՞ւմ է պատրաստվում Կուբանից վտարել նահանգապետը, օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի՞ն: Ինչպես տեսնում ենք, տկաչովյան գաղափարն ու կովկասյան հաղթանակները հանուն ընդհնուր երկրի մերկացրին ահռելի տարբերությունը պաշտոնական «հայրենասիրության» եւ հուժկու այլատյացության միջեւ: Բայց երկու աստվածների ծառայել հնարավոր չէ: Կամ մենք ուրախանում ենք մեր քաղաքացիների ահղթանակներով` ի փառս Ռուսաստանի, կամ փորձելու ենք բոլորովին այլ Ռուսաստան կառուցել,- գրում է Մարկեդոնովը` նշելով, թե այդ հայտարարությունները լուրջ խնդիրներ են հարուցելու Ռուսաստանի համար:




























